Հայերեն | Русский | English

Գլխավոր

Հետպատերազմական գործողությունների պլան

Հայկական հոգեբուժական ասոցիացիան ներկայացրել է հոգեկան առողջության ոլորտում հետպատերազմական գործողությունների պլանը: Մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ստորև

․․․ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու, օտար էի, և ինձ ձեր մէջ առաք…

 

Հարգելի հայրենակիցներ, գործընկերներ

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիան պատերազմի ժամանակ և հետպատերազմական վիճակում ներգրավված է եղել

  • վիրավոր զինծառայողների
  • տարհանված քաղաքացիների
  • կորուստ ունեցող ընտանիքների
  • COVID-19 հիվանդների

հոգեկան առողջության պահպանման և վերականգնման գործում՝ համակարգելով բազմաթիվ կամավոր գործընկերների աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնելիս համագործակցել ենք ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների և այլ կառույցների ու անձանց հետ։

Այժմ, ամփոփելով կատարված աշխատանքները, համադրելով կուտակված տեղեկատվությունը, սեփական և միջազգային փորձը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, խոցելի խմբերի և ընդհանուր հասարակության հոգեկան առողջության պահպանման և բարելավման համար ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ գործողությունները․

 

  1. Իրավիճակի գնահատում, խոցելի խմբերի շրջանում
  • Վիրավորներ
  • Անհետ կորածների ընտանիքներ
  • Զոհվածների ընտանիքներ
  • Գերիներ և նրանց ընտանիքներ
  • Տարհանված քաղաքացիներ
  • Հոգեկան առողջության (ՀԱ) խնդիրներ ունեցող մասնակիցներ

և կարիքների գնահատում և տվյալների բազայի ձևավորում

  1. ՀԱ ծառայություններ մատուցող կազմակերպությունների վերաբերյալ (հնարավորություն/հզորություն, աշխարհագրություն և այլն) տեղեկատվական բազայի ձևավորում
  2. Ըստ գնահատված կարիքների ՀԱ ծառայությունների ընդհանրական ցանցի ստեղծում  հանրապետության բոլոր մարզերում և տարածաշրջաններում, մինչ այդ եղած ռեուրսներով, հնարավորինս ապահովելով վերը նշված խմբերին անհրաժեշտ օգնությունը։ 
  3. Կլինիկական հոգեբանական ծառայությունների լիցենզավորման/հավատարմագրման գործընթացի կազմակերպում
  4. ՀԱ պահպանման և բարելավման  2021-2025թթ․ ռազմավարության և դրա ապահովման միջոցառումների մշակում
  5. Հոգեբանական ծառայության թեժ գծի (060-834777) աշխատանքների շարունակում, որը կիրականացնի շտապ անհետաձգելի հոգեբանական օգնություն, տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև կծառայի որպես ուղղորդիչ խնդիր ունեցողներին դեպի համապատասխան ծառայություններ
  6. Աշխատանք հասարակական գիտակցության հետ՝ նպատակ ունենալով նվազեցնել պատերազմի  հոգեբանական հետևանքները ու և մեծացնել տոկունությունը
  7. Սեմինարների/դասընթացների կազմակերպում ԶԼՄ-ների համար
  8. Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր հոգեբույժների, հոգեբանների, սոցաշխատողների, ԱԱՊ օղակի մասնագետների համար
  9. Կրթական և վերապատրաստման ծրագրերի վերանայում
  10. Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ մանկավարժների, մանկապարտեզների դաստիարակների համար՝ ուղղված տեղեկատվության փոխանցման մոտեցումներին
  11. Գործելակարգերի/ուղեցույցների մշակում/ադապտացում/ամբողջականացում կորուստ ունեցողների, վիրավորների, տեղահանվածների և այլ ՀԱ ծառայությունների կարիք ունեցողների համար
  12. Աշխատանքներ ուղղված ստիգմայի նվազեցմանը
  13. Գիտական հետազոտությունների կազմակերպում վերհիշյալ խմբերի հետ աշխատաքին զուգահեռ
  14. Կոորդինացիոն խորհրդի ձևավորում, որի հիմնական  նպատակները կլինեն ամբողջական տեղեկատվության հավաքագրումը և նախատեսված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների աշխատանքների վերաբերյալ էլեկտրոնային բյուլետենների տպագրումը և տարածումը:

 

Բոլոր շահագրգիռ պետական, հասարակական, տնտեսավարող կառույցներին, ինչպես նաև անհատ անձանց կոչ ենք անում ներգրավվել նշված խնդիրների լուծման գործում։ Մենք որպես ոլորտի մասնագետներ, մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք առավելագույնը և պատրաստ են համագործակցել բոլոր կազմակերպությունների և անհատների հետ և քննարկել ցանկացած առաջարկ, նշված խնդիրների լուծման համար։

Բոլոր հարցերով կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել (099-544477) կամ այցելել ՀՀԱ գրասենյակ (Նալբանդյան 47)։

 

ՀՀԱ Խորհուրդ և Գործադիր վարչություն

2020-12-14

WPA Thematic Congress on Dementia