Հայերեն | Русский | English

Հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքս

1. Հոգեբույժի կլինիկական գործունեությունը

1.1 Հոգեբույժը պարտավոր է հարգել յուրաքանչյուր պացիենտի արժանապատվությունը, մշակույթը, էթնոսը, լեզուն, կրոնը, անձնական կյանքի գաղտնիության, ինքնորոշման և ինքնավարության իրավունքը:

1.2 Հոգեբույժը չպետք է պացիենտի նկատմամբ ցուցաբերի խտրականություն՝ կախված վերջինիս սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։ Հոգեբույժը չպետք է պացիենտին կամ նրա ընտանիքին պարտադրի սեփական արժեքներն ու համոզմունքները:

1.3 Հոգեբույժը ներգրավված է մասնագիտական այնպիսի հարաբերություններում, որտեղ առկա է հարաբերությունների անհավասարակշռություն: Հոգեբույժը չպետք է շահագործի այդ հարաբերություններում առակ իր դիրքային առավելությունն իր սոցիալական կամ նյութական շահի համար:

1.4 Հոգեբույժը պարտավոր է պացիենտի հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ վստահության և համագործակցության վրա։ Հոգեբույժը պարտավոր է նաև բուժումն իրականացնել իրեն հայտնի կամ հասանելի լավագույն մեթոդներով, հնարավոր լավագույն պայմաններում՝ խուսափելով դիտավորությամբ կամ կանխամտացված վնասներից:

1.5 Անթույլատրելի է հոգեբույժի կողմից պացիենտի ֆիզիկական, հոգեկան, նյութական, սեռական կամ այլ նպատակով շահագործումը:

1.6 Հոգեբույժը պետք է կանխատեսի հետազոտության կամ բուժման հնարավոր ռիսկերն ու վնասները և կանխարգելի դրանց առաջացումը, ինչպես նաև՝ պացիենտին տեղեկացնի դրանց հավանականության մասին:

1.7 Հոգեբույժը պարտավոր է հաշվի առնել պացիենտի ֆիզիկական, հոգեկան, սոցիալական և հոգևոր վիճակը, իսկ անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրել առկա խնդրի լուծման վերաբերյալ` ուղղորդելով պացիենտին համապատասխան մասնագետի մոտ:

1.8 Էական էթիկական և անձնական դրդապատճառների առկայության դեպքում, հոգեբույժը կարող է մերժել ընդունել պացիենտին,եթե իր մերժումով վտանգի տակ չի դնում պացիենտին և նրա առողջությունը:

1.9 Հոգեբույժը իրավունք ունի հրաժարվել մասնագիտական օգնություն ցուցաբերել այն դեպքերում, երբ իր մասնագիտական կարծիքով միջամտությունը կարող է պացիենտի համար լինել անօգուտ կամ վնասակար: Հոգեբույժը համապատասխան որոշումը հիմնավորում է գրավոր:

1.10 Բուժման կամ խորհդատվության առավել արդյունավետություն ապահովելու նպատակով, հնարավորության դեպքում, հոգեբույժը պետք է խուսափի բուժում կամ խորհրդատվություն իրականացնել բարեկամների, ընկերների, աշխատակիցների կամ այլ հարազատ մարդկանց համար:

1.11 Հոգեբույժը պետք է խրախուսի պացիենտի ընտանիքի անդամների կամ խնամակալների մասնակցությունն արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժման մեջ` հաշվի առնելով, սակայն այդ համագործակցության արդյունավետ և նպատակային լինելը, գաղտնիության սկզբունքը, մշակութային առանձնահատկությունները և պացիենտի ցանկությունը:

1.12 Հոգեբույժը պետք է գործի իր փորձի և գիտելիքների սահմաններում: Բարդությունների ի հայտ գալու դեպքում հոգեբույժը պարտավոր է խորհրդակցել իր փորձառու գործընկերների հետ, հրավիրել բժշկական կոնսիլիում կամ հարակից մասնագետների։ Անհրաժեշտության դեպքում, հոգեբույժը պետք է ուղղորդել պացիենտին մեկ այլ մասնագետի մոտ՝ խորհրդատվության կամ բուժման:

1.13 Հոգեբույժի կողմից իրականացվող բուժման մեթոդները պետք է հիմնված լինեն բժշկագիտության և հոգեբուժության գիտական հիմքերի վրա։

1.14 Հոգեբույժը պետք է ուշադիր լինի իր հոգեկան և ֆիզիկական առողջությանը՝դրանց խաթարման հնարավոր բացասական հետևանքները մասնագիտական գործունեության վրա կանխելու համար:

1.15 Հոգեբույժը իրավունք չունի իր անձնական կարծիքը, պատկերացումները, արժեքները կամ որոշումները քարոզել պացիենտին կամ նրա ընտանիքի անդամներին՝ սահմանափակելով նրանց ազատ ընտրությունը:

1.16 Հոգեբույժի և պացիենտի հարաբերությունները հիմնված են վստահության վրա, և հոգեբույժը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանի իր պացիենտի վերաբերյալ ստացած տեղեկատվության գաղտնիությունը, անկախ տեղեկատվության սկղբնաղբյուրից:

1.17 Գաղտնիության բացահայտումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այն ուղղված է պացիենտի կամ երրորդ անձի անվտանգության պահպանմանը: Գաղտնիության բացահայտումը հնարավոր է նաև այլ մասնագետի խորհրդատվության դիմելիս, և այս դեպքում պացիենտը պետք է տեղեկացված լինի գաղտնիության սկզբունքի սահմանների մասին:

1.18 Գաղտնիության պահպանումը պարտադիր է նույնիսկ այն դեպքում, երբ պացիենտ-հոգեբույժ հարաբերությունները դադարեցվել են կամ հիվանդը մահացել է, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

1.19 Գաղտնիությունը պետք է պահպանվի, երբ հիվանդության պատմության նյութն օգտագործվում է ուսուցման, դեպքի ներկայացման կամ հրապարակման նպատակներով: Պացիենտի տվյալները պետք է պատշաճ կերպով քողարկվեն՝ անձի նույնականացումը կանխարգելելու համար։

1.20 Հոգեբույժը պետք է տեղեկացնի պացիենտին բուժման նպատակի, բնույթի, օգուտների, կողմնակի բարդությունների, ռիսկերի և ծախսերի վերաբերյալ:

1.21 Հոգեբույժը պարտավոր է տեղեկացնել պացիենտին այլընտրանքային բուժման բնույթի, արդյունավետության, կողմնակի ազդեցությունների, ռիսկերի և ծախսերի վերաբերյալ՝ ընձեռելով ազատ ընտրության հնարավորություն։

1.22 Հոգեբույժն իրավունք չունի առանց պացիենտի համաձայնության իրականացնել բուժում կամ հետազոտություն: Մասնակիցները ցանկացած բուժական միջամտության դեպքում պետք է հայտնեն իրենց միանշանակ համաձայնությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

1.23 Պացիենտի մտավոր ունակությունների սահմանափակումը չի կարող հիմք համարվել՝ առանց համաձայնության բուժական միջամտություն իրականացնելու համար: Նման դեպքում հոգեբույժը պետք է փորձի առավել հասանելի բացատրել միջամտության էությունը ու հնարավոր վտանգները և ստանալ պացիենտի միանշանակ համաձայնությունը:

1.24 Եթե պացիենտը ճանաչված է անգործունակ կամ հոգեկան խանգարման սրացման պատճառով ճանաչվում է ժամանակավորապես անգործունակ, հոգեբույժը համաձայնությունը ստանում է պացիենտի խնամակալից և շարունակում է համաձայնությունը ստանալու փորձերը` պացիենտի հոգեկան և ֆիզիկական վիճակի կայունացումից հետո:

1.25 Անչափահասների դեպքում նման համաձայնությունը տալիս են ծնողները կամ խնամակալները։

1.26 Հոգեբույժը պետք է տեղյակ լինի և տեղեկացնի պացիենտին, որ համաձայնությունը շարունակական գործընթաց է և այն կարող է չեղյալ համարվել բուժման ցանկացած փուլում:

1.27 Այն իրավիճակում, երբ հոգեբույժի գնահատմամաբ վտանգվում է պացիենտի կամ երրորդ անձի կյանքը, առողջությունը կամ անվտանգությունը` հարկադիր բուժումը կարող է իրականացվել առանց պացիենտի համաձայնության, բացառությամբ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի: Պացիենտի հոգեկան և ֆիզիկական վիճակի կայունացումից հետո, բուժման շարունակության համար, հոգեբույժը պարտավոր է ստանալ պացիենտի համաձայնությունը:

2. Հոգեբույժի հետազոտական գործունեությունը

2.1 Հոգեբուժական գիտության զարգացմանը նպաստելու համար`հոգեբույժները պետք է ձգտեն նպաստել գիտությանը, մասնավորապես հոգեբուժության առաջընթացին` իրականացնելով գիտահետազոտական գործունեություն:

2.2 Հոգեբույժը պետք է առաջնորդվի գիտության մեջ առկա համընդհանուր բարոյական սկզբունքներով և նորմերով, մասնավորապես` պահպանի գիտական ազնվությունն ու կոռեկտությունը, բացառելով փորձարարական տվյալների հավաքման ընթացքում ուրիշի գաղափարների և հետազոտությունների արդյունքների յուրացումը, հրաժարվելով չստուգված տվյալների վրա արված հապճեպ եզրահանգումներից, ցանկացած գիտական միջավայրում պահպանելով սեփական գիտական հայացքները և այլն:

2.3 Հետազոտական գործունեության մեջ հոգեբույժը պետք է առաջնորդվի ապացուցողական բժշկության սկզբունքներով և կիրառի հավաստի, իրենց արդյունավետությունն ապացուցած գիտական մոտեցումներ, մեթոդներ և հետազոտական գործիքակազմ:

2.4 Ցանկացած հետզոտություն անցկացնելիս հոգեբույժը չպետք է կիրառի այնպիսի մեթոդներ, տեխնիկա, ընթացակարգեր, որոնք կնվաստացնեն փորձարկվողների անձի արժանապատվությունը, նրանց հետաքրքրությունները։

2.5 Հետազոտություն իրականացնելիս հոգեբույժը պետք է կտրականապես հրաժարվի այնպիսի գործողություններից, որոնք կարող են կայուն, անդառնալի և չհիմնավորված վնաս պատճառել հետազոտվողներին։

2.6 Ցանկացած հետազոտական ծրագրի մասնակիցները պետք է հայտնեն իրենց միանշանակ համաձայնությունը, փորձի անցկացման համար, մանրամասն տեղեկացված լինելով փորձի նպատակների և ընթացակարգերի վերաբերյալ: Անչափահասների կամ դատական կարգով անգործունակ ճանաչված անձանց դեպքում նման համաձայնություն պետք է ներկայացրած լինեն ծնողները կամ շահառուի խնամակալները։

2.7 Եթե հոգեբուժական հետազոտությունը ուղեկցվում է ժամանակավոր որևէ վնասով կամ անհարմարությամբ` փորձարկողը պետք է առաջին հերթին համոզվի, որ փորձի բոլոր մասնակիցները գործում են բոլորովին անկախ` առանց որևէ կողմնակի ճնշման: Փորձին որևէ մեկի մասնակցությունը չպետք է թույլատրվի, քանի դեռ փորձարկողը չի համոզվել, որ այդ վնասի մասին փորձարկվողներն իրազեկվել են նախօրոք և տվել են իրենց համաձայնությունը։

2.8 Փորձից առաջ համաձայնություն տալու դեպքում անգամ փորձարկվողը կարող է ցանկացած պահի որոշում ընդունել փորձին իր հետագա մասնակցությունը ընդհատելու մասին։

2.9 Եթե գիտափորձի պայմանները պահանջում են ապատեղեկատվություն կամ ոչ ճիշտ տեղեկատվություն տալ փորձարկվողներին, հոգեբույժը պետք է համոզվի, որ այն չի կարող որևէ կերպ վնասել փորձի մասնակիցներին։ Ամեն դեպքում դրա անհրաժեշտությունն ու փորձարարական բնույթը պետք է բացահայտվեն գիտափորձի ավարտից հետո։

2.10 Բոլոր հոգեբուժական հետազոտությունները` ինչպես փորձարարական, այնպես էլ դիտողական, պետք է ուղեկցվեն հարգանքով անհատի արժանապատվության, սեռական վարքի հետզոտության ժամանակ՝ հավատալիքների, ինչպես նաև՝ ինտիմ իրավիճակների քննության ժամանակ ցուցաբերած համեստության հանդեպ։ Տարեցներին, հիվանդներին, ձերբակալվածներին հետազոտելիս՝ պետք է հաշվի առնել նրանց սոցիալական սահմանափակումները, սոցիալապես և հոգեպես խոցելի վիճակում լինելը:

2.11 Եթե մասնակցությունը հետազոտությանը ենթադրում է հոգեբույժի միջամտություն անձնական հետաքրքրությունների կամ ինտիմ ապրումների ոլորտ, ապա փորձարկվողը ցանկության դեպքում, ցանկացած պահի կարող է հրաժարվել հետագա մասնակցությունից:

2.12 Հետազոտության արդյունքում ստացված բոլոր տվյալները` որպես հետազոտության արդյունքներ, ինչպես նաև՝ ներգործության և բուժման մասին տվյալները պետք է հասանելի լինեն միայն մասնագետներին, ում պարտականությունների մեջ է մտնում ոչ կոմպետենտ անձանց մոտ դրանք չհրապարակելը։ Հոգեբույժը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի համապատասխան փաստաթղթերը կոնֆիդենցիալ պահելու համար։

3. Հոգեբույժների միջև մասնագիտական հարաբերությունների էթիկան

3.1 Հոգեբույժի մասնագիտական հարաբերություններն այլ մասնագետների հետ հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։

3.2 Հոգեբույժը պարտավոր է գործընկերներին վերաբերվել պատշաճ հարգանքով՝ պահպանելով ծառայողական կարգապահությունը և բժշկական ենթակայությունը (սուբորդինացիա)։

3.3 Հոգեբույժը մասնագիտական գործունեության մեջ պարտավոր է հարգի և հաշվի առնի գործընկերների մասնագիտական կարծիքը, արտահայտելով հիմնավորված կարծիք, որն արտահայտելիս պետք է լինի հարգալից և չթելադրի իր մոտեցումները` նվաստացնելով գործընկերներին:

3.4 Հոգեբույժը չպետք է մերժի գործընկերների խորհրդատվություն տրամադրելու խնդրանքը:

3.5 Հոգեբույժը պետք է նպաստի գործընկերների միջև առողջ աշխատանքային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը:

3.6 Հոգեբույժը պետք է չխաթարի իր գործընկերների հարաբերությունները պացիենտի հետ` վերջինիս գրավելու նպատակով։

3.7 Ըստ բժշկական անհրաժեշտության` հոգեբույժը պետք է հաղորդակցվի հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ մասնագետների հետ` այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը՝ սահմանափակվելով միայն անհրաժեշտ տեղեկատվությամբ։

3.8 Անհրաժեշտության դեպքում արտահայտելով հիմնավորված քննադատություն՝ հոգեբույժը չպետք է խտրականորեն վերաբերվի գործընկերեներին և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին, ովքեր կիրառում են նույն կամ այլ գիտական մեթոդներ։ Հոգեբույժը պետք է հարգանքով վերաբերվի այն դպրոցներին ու ուղղություններին, որոնք գիտականորեն և մասնագիտորեն կոմպետենտ են։

3.9 Հոգեբույժը չպետք է միջամտի այլ մասնագետների ձեռնարկած գործողություններին, բուժման մեթոդներին, նշանակումներին, եթե դրանք իր մասնագիտական համոզմունքով պացիենտի համար վտանգ չեն ներկայացնում։ Անհրաժեշտության առկայության դեպքում նման միջամտությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի չխաթարվի նշված մասնագետի և պացիենտի փոխհարաբերությունները:

3.10 Հոգեբույժը չպետք է պացիենտի ներկայությամբ քննարկի իր գործընկերների մասնագիտական գիտելիքները, մարդկային որակները կամ բուժման մոտեցումները:

3.11 Հոգեբույժը պարտավոր է ուշադիր լինել իր և իր գործընկերների, այդ թվում օրդինատորների կամ ուսանողների առողջությանը և բարեկեցությանը, քանի որ մասնագետի հոգեկան կամ ֆիզիկական առողջության խաթարումը կարող է էապես ազդել նրա մասնագիտական գործունեության և պացիենտի բարեկեցության վրա:

3.12 Հոգեբույժը պետք է աջակցի սկսնակ մասնագետին`հնարավորինս ուղղորդելով, տրամադրելով տեսական և գործնական խորհրդատվություն ու վերահսկողություն և միայն անհրաժեշտության դեպքում` պացիենտի շահերից ելնելով, միջամտի սկսնակ մասնագետի մասնագիտական գործունեությանը:

4. Հոգեբույժի մասնագիտական աճը և հոգեբուժական ծառայությունների զարգացումը

4.1 Հոգեբույժը պետք է մասնագիտորեն պատրաստված լինի, ունենա մասնագիտացում և տիրապետի հոգեբուժության ոլորտում կիրառվող արդի մեթոդներին, գործիքներին: Հոգեբույժի կարգավիճակը հիմնված է նրա մասնագիտական որակավորման վրա, որն անհրաժեշտ է նրա պարտականությունների իրականացման համար։

4.2 Հոգեբույժի մասնագիտական և բարոյական պարտականություններից է սեփական մասնագիտական գիտելիքները և կարողությունները հոգեբուժության ժամանակակից ձեռքբերումների մակարդակի վրա պահելը՝ մասնակցելով մասնագիտական վերապատրաստումներին, գիտաժողովներին, քննարկումներին:

4.3 Հոգեբույժը պարտավոր է անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվություն տրամադրել գործընկերներին, ուսանողներին, պացիենտներին և պացիենտների ընտանիքի անդամներին կամ խնամակալներին։

4.4 Հոգեբույժը պետք է բաց լինի նոր գիտելիք, փորձ և հմտություններ ձեռք բերելու նաև իր պացիենտներից և նրանց հարազատներից:

4.5 Հոգեբույժը պետք է նպաստի հոգեկան առողջության ծառայությունների զարգացմանը, հոգեկան առողջության ոլորտում ռեսուրսների ճիշտ բաշխմանը, հոգեկան առողջության ոլորտի քաղաքականության և օրենսդրության մշակմանը, հոգեկան առողջության համայնքահեն ծառայությունների ներդրմանը:

4.6 Հոգեբույժը պետք է պատրաստ լինի համագործակցել զանգվածային լրատվամիջոցների հետ` մեկնաբանել և տարածել հոգեկան առողջության վերաբերյալ գիտելիքը` գործելով ի շահ իր պացիենտների, հոգեկան առողջության ծառայությունների և հոգեկան առողջության ոլոտրի զարգացման:

5. Հոգեբույժը հատուկ իրավիճակներում

5.1 Հոգեբույժը չպետք է մասնակցի կամ նպաստի անհատի անկախության, նրա ֆիզիկական և հոգեկան անձեռնամխելիության դեմ ուղղված մեթոդների մշակմանը։ Խոշտանգումների կամ ծաղրանքի անմիջական մշակմանը կամ իրականացմանը նպաստելը բացի այն, որ հանցագործություն է, նաև հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոպտագույն խախտում է։ Ո՛չ որպես հետազոտող, ո՛չ որպես օգնական կամ համագործակցող, հոգեբույժը չպետք է մասնակցություն ունենա խոշտանգումների կամ այլ դաժան, ոչ մարդասիրական կամ ստորացուցիչ գործողությունների իրականացմանը` անկախ այն հանգամանքից, թե ով է դրանց օբյեկտը, ինչ մեղադրանքներ կամ կասկածանքներ են առաջ քաշվել տվյալ անձի դեմ։ Հոգեբույժը պետք է զերծ մնա իր գիտելիքները և հմտությունները ի չարս գործածելուց, անկախ այն հանգամանքից, թե ինչ կարևորության տեղեկատվություն է հնարավոր ստանալ նման ճանապարհով այնպիսի պայմաններում, ինչպիսիք են ռազմական կոնֆլիկտը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունները, ահաբեկչական գործողությունները կամ ցանկացած այլ հանգամանքներ, որոնք կարող են դիտվել կամ բացատրվել որպես նման գործողություների արդարացում։

5.2 Հոգեբույժի առաջնային պարտականությունն է` պացիենտի առողջության և կյանքի պահպանումը, և անգամ հիվանդի, հիվանդի հարազատի կամ երրորդ անձի խնդրանքով հոգեբույժն իրավունք չունի նպաստելու հիվանդի կյանքի ընդհատմանը: Նման իրավիճակներում, հոգեբույժի դերը պետք է սահմանափակվի հիվանդության բուժմամբ:

5.3 Հոգեբույժը իրավունք չունի միջամտել օրգանների փոխպատվաստման, դոնորության, պլաստիկ վիրահատության, փոխնորդ մայրության, ամլացման, հղիության արհեստական ընդհատման, կենսաբանական սեռի փոփոխության կամ այլ բժշկական հիմք ունեցող որոշումներ կայացնելու գործընթացին, բացառությամբ այն դեպքերի, երբ պացիենտի կողմից կայացվող որոշումը պայմանավորված հոգեկան խանգարմամբ:

Ըստ պացիենտի պահանջի` նա կարող է համապատասխան տեղեկատվություն տրամադրել նշված միջամտությունների՝ հոգեկան առողջության վրա ունեցած հնարավոր հետևանքների մասին:
5.4 Հոգեբույժը իրավունք չունի միջամտել հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ նախկինում նման խնդիր ունեցած անձի ամուսնության, երեխաներ ունենալու կամ հղիությունը ընդհատելու որոշումներում: Ըստ պացիենտի պահանջի` նա կարող է տեղեկատվություն տրամադրել այս կամ այն որոշումը կայացնելու դեպքում հնարավոր բժշկական հետևանքների մասին` հիմնվելով ապացուցողական բժշկության տվյալների վրա:

6. Շահերի բախումը

6.1 Հոգեբույժը պետք է հրաժարվի դեղագործական կազմակերպություններից նվերներ կամ այլ շահույթ ստանալուց` եթե այդ հարաբերությունները բացասաբար են անդրադառնում իր մասնագիտական գործունեության վրա:

6.2 Կլինիկական հետազոտություն իրականացնող հոգեբույժը պարտավոր է էթիկայի խորհրդին և հետազոտության մասնակիցներին տեղեկատվություն տրամադրել իր հովանավորների, ինչպես նաև ֆինանսական և պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ:

6.3 Հոգեբույժը որևէ անձի կամ կազմակերպության հետ չպետք է մտնի այնպիսի ֆինանսական հարաբերությունների մեջ, որոնք բացասաբար կարող են անրադառնալ պացիենտի ախտորոշման, բուժման, խնամքի, հոսպիտալացման կամ դուրսգրման վրա:

6.4 Կազմակերպությունների ղեկավարների ծախսարդյունավետ ղեկավարման պարտավորությունները կարող են հակասել հոգեբուժի մասնագիտական գործունեության լավագույն պրակտիկային: Նման դեպքերում հոգեբույժը պարտավոր է բարձրաձայնել պացիենտի լավագույն բուժում ստանալու իրավունքի մասին: