Հայերեն | Русский | English

Գլխավոր

Կյանքից հեռացել է Մարիետա Ալբերտի Մելիք- Փաշայանը

Կյանքից հեռացել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ` Մարիետա Ալբերտի Մելիք- Փաշայանը:

Մարիետա Մելիք- Փաշայանը ծնվել է 1936 թվականի հունիսի 13-ին Լենինական (Գյումրի) քաղաքում, ուսուցիչների ընտանիքում:

1954 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի Ն. Գոգոլի անվան ռուսական դպրացը: Դպրոցական տարիներին բազմաթիվ հետաքրքրությունների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել շախմատը և 1947 թվականին 11 տարեկան հասակում, առաջին անգամ մասնակցելո, հաղթել է Երևան քաղաքի աշակերտների շախմատի առաջնությունում: 1950-ից մինչև 1955 թվականը – 5 տարի անընդմեջ եղել է Հայաստանի շախմատի չեմպիոն և մասնակցել է  այդ տարիներին սկիզբ առած Համամիութենական մրցումների Լենինգրադում, Աշխաբադում, Խարկովում և այլ քաղաքներում:

1954 թվականին Մարիետա Մելիք-Փաշայանը ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ավարտել գերազանցության դիպլոմով, 4-րդ կուրսից եղել է Լենինյան թոշակառու:

1966 թվականին Մարիետա Մելիք-Փաշայանին շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան` գիտակցության խանգարումների կլինիկական և էլեկտրաէնցեֆալոգիրաֆիական հետազոտման նվիրված թեկնածուական ատենախոսության պաշտպանության արդյունքում: Դոկտորական դիսերտացիան` նվիրված շիզոֆրենիայի և գլխուղեղի օրգանական ախտահարման հետևանքով առաջացած անձի խանգարումներին և կոմպենսացիայի հնարավորություններին, պաշտպանել է 1974 թվականին` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի կոչում:

1980 թվականին, ստանձնելով Երևանի բժշկներ կատարելագործման ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչ պաշտոնը Մարիետա Մելիք- Փաշայանը արժանացել է պրոֆեսորի կոչման:

1985 թվականին ընտրվել է  Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչ և ղեկավարել է այն մինչև 2008 թվականը, որից հետո անցել է պրոֆեսորի պաշտոնի:

Պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում էր անձի գիտակցության և չգիտակցված հոգեկան գործունեության խանգարումների կլինիկական, հոգեբանական, էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ ուսումնասիրությունը, ինչպես նաև Հայաստանում հոգեկան հիվանդությունների համաճարակաբանության հարցերը: Գիտական զեկույցներով հանդես էր եկել բազմաթիվ գիտական ֆորումներում ` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում և այլ երկրներում:

1995 թվականին պրոֆեսոր Մելիք-Փաշայանը ընտրվել է Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, 1996 թվականին` Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Հեղինակ է մոտ 200 գիտական աշխատանքների, այդ թվում 2 մենագրության և 1 գրքույքի, նվիրված իր ուսուցչի` ակադեմիկոս Ա. Մեղրաբյանի կյանքին ու գործունեությանը: Ղեկավարել է 14 դիսերտանտների գիտական աշխատանքներ, որոնցից չորսը` դոկտորական, տասը` թեկնածուական, ընդ որում երկուսը բժշկական հոգեբանության գծով: Քսան տարուց ավել մասնագիտացված պաշտպանական գիտական խորհդրի անդամ էր:

Պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանի կլինիկական գործունեությունը չափազանց բազմակողմանի ու լայնածավալ է եղել: Առանց չափազանցության կարելի է ասել, որ նրա խորհրդատվական աշխատանքն ընդգրկել է Հայաստանի բոլոր հոգեբուժական հաստատությունները, ոչ միայն քաղաքացիական, այլև զինվորական, դատահոգեբուժական ասպարեզում:

Հասարակական հիմունքներով աշխատել է պաշտպանության նախարարության խորհրդատու, զինվորական հոգեբուժական փորձաքննական հանձնաժողովի նախագահ և ՀՀ պաշտպանության նախարարության հոգեբուժության փորձագետ, դատահոգեբուժության ամբուլատոր և ստացիոնար հանձնաժողովների նախագահ, ինչպես նաև Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի հոգեբուժական բաժանմունքի խորհդրատու:

Պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանի ուսումնադաստիարակչական գործունեությունը սկսվել էր 1962 թվից` զուգահեռ ասպիրանտական ուսուցմանը: Պահանջկոտ, բայց օբյեկտիվ և միշտ պատրաստ կիսվելու իր մասնագիտական  և բազմակողմանի գիտելիքներով, նա վայելել է ուսանողների անկեղծ սերն ու հարգանքը: Մեզանից շատերը լսել են նրա հետաքրքիր, թեմատիկ հիվանդների ցուցադրմամբ զուգորդվող դասախոսությունները, աշխույժ ու ուշագրավ անցնող գործնական պարապմունքները, երբ հոգեբուժությունը մատուցվում էր գիտության վրջին նորությունների հետ մեկտեղ, գեղարվեստական ստեղծագործությունների կերպարների հոգեվիճակի վերլուծությամբ և չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր հոգեբույժների շարքում կան մասնագետներ, ովքրե ընտրել են իրենց մասնագիտությունը, ոգեշնչվելով այն սիրով, այն լայն աշխարհայացքային մոտեցմամբ դեպի մասնագիտությունը, որը դրսևորել է հոգեբույժ Մարիետա Մելիք-Փաշայանը:

Պրոֆեսոր Մելիք- Փաշայանը ծանրակշիռ ներդրում ունի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բժշկական հոգեբանության ներդրման գործում: Ի սկզբանե համալսարանում գործել է հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոն, որտեղ բժշկական հոգեբանություն դասավանդում էր հոգեբուժության դասախոսական կազմը:1993 թվականից պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանի ղեկավարությամբ ամբիոնը սկսեց համալրվել հոգեբան մասնագետներով և կազմավորվեց մասնագիտացված կոլեկտիվ, որը և 2007 թվականին անջատվեց հոգեբուժության ամբիոնից ստեղծելով բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության մաբիոնը:

1988 թվականին պրոֆեսով Մարիետա Մելիք- Փաշայանը ստանձնել է ԵՊԲԻ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը, զուգահեռաբար աշխատելով որպես հոգեբուժության ամբիոնի վարիչ, և 13 տարի` մինչև 2001 թ. ղեկավարել ու կազմակերպել է այն պատասխանատու աշխատանքը, որ յուրաքանչյուր ուսումնական հաստատության գործունեության դեմքն է ու հիմքը: Եվ շրջադարձային տարիների բարդ իրավիճակում, այդ հիրավի սովորականից ծանր, աշխատանքը գնահատվել է կառավրական բարձր պարգևով` Մխիթար Հերացու մեդալով (2005 թ.) և ոսկե կրծքանշանով (2010 թ.):

Ուսումնակրթական և գիտական աշխատանքներին զուգընթաց պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանը մշտապես զբաղվել է հասարակական գործունեությամբ:

1983-1988 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ, առողջապահության նախարարություն ներկայացրել է և հիմնավորել մի շարք հոգեբուժական ծառայությունների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչի արդյունքում ստեղծվել են

  • Քասախի Նևրոզների և այլ սահմանային վիճակների հիվանդանոցը
  • Հանրապետական հիվանդանոցի Փսիխոսոմատիկ բաժանմունքը
  • պոլիկլինիկաների փսիխոթերապևտիկ կաբինետները:

Այդ ծառայություններն ապահովել են հիվանդների որոշակի կոնտինգենտի առավել նպատակային և օպտիմալ բուժման նհարավորությունները:

1991-2009 թթ. Պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանը, որպես նախագահ, ղեկավարել է Հայաստանի հոգեբույժների և թմրաբանների ասոցիացիայի աշխատանքը: Այդ տարիներին կազմակերպել և ղեկավարել է մի շարք միջազգային կոնֆերանսներ.

  • 1989, 1990 և 1991 թթ. «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության հետ համատեղ`  1988 թվականի աղետալի երկրաշարժի խնդիրների վերաբերյալ
  • 1996 և 1999 թվականներին` հայ-շվեյցարական սիմպոզիումներ, նվիրված հոգեբուժության արդիական հարցերին:

1989 թվականին ղեկավարել է երկրաշարժի հոգեբուժական հետևանքների վերաբերյալ  ՆԱՍԱ-ի կողմից կազմակերպված ԱՄՆ-ի և Հայաստանի հոգեբույժների հեռուստակամրջային կոնֆերանսը:

1996թվականին Մադրիդում հոգեբույժների X Համաշխարհային վեհաժողովի շրջանակներում ընթացող Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեային պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանի կողմից ներկայացվել է Հայաստանի մասնագիտական ասոցիացիայի գործունեության հաշվետվությունն ու անդամության հայտը, ինչի հիման վրա 1999 թվականին XI Համաշխարհային վեհաժողովիԳլխավոր Ասամբլեայի որոշմամաբ, Հայաստանի հոգեբույժների և թմրաբանների ասոցիացիան անդամագրվեց Համաշխարհային հեգեբուժական ասոցիացիային:

Հայաստանի հոգեբույժների և թմրաբանների ասոցիացիայի նախագահ Մարիետա Մելիք-Փաշայանի ղեկավարությամբ 1996 թվականից սկսեց համագործակցությունը «Ժնեվյան նախաձեռնություն հոգեբուժությունում» ռեֆորմատորական  ցանցի հետ:

2009 թվականից պորֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահն էր:

2011 թվականին եղել է Երևանում կայացած Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի գիտական կոմիտեի համանախագահ:

Պրոֆեսոր Մարիետա Մելիք- Փաշայանի համահեղինակությամբ հրատարակվել են մայրենիով առաջին «Հոգեբուժություն» դասագիրքը (1994թ.), «Բժշկական հոգեբանություն» ուսումնական ձեռնարկը (1995թ.), կազմակերպվել և խմբագրվել է Հիվանդությունների միջազգային դասակարգման X տարբերակի հայերեն թարգմանությունը, որը բացառիկ ձեռնարկ է պրակտիկ հոգեբույժի համար:

Պրոֆեսոր Մարիետա Մելիք- Փաշայանի անցած ուղին խտացված տարեթվեր են, որոնցից յուրաքանչյուրը բաց է անում նրա լայնածավալ գործունեության և բազմակողմանի հագեցվածությամբ կյանքի էջերը:

Մարիետտա Մելիք-Փաշայանի հարազատների հետ մենք սգում ենք այս կորուստը և համարում այն բոլորիս` հոգեբույժներիս, հոգեկան առողջության այլ մասնագետներիս և ողջ հայ ազգի կորուստ: Մեր հիշողության մեջ լուսահոգի Մարիետտա Մելիք-Փաշայանը միշտ կմնա որպես գիտությանը նվիրվածության և պարզապես մարդկային իմաստության և մարդասիրության օրինակ: Մենք արդեն իսկ զգումենք իր իմաստուն, կանացի, բարի ու խորաթափանց խորհդրի և սփոփանքի կարիքը այսօր, երբ ինքը ընդմիշտ հեռացել է մեզանից:

 Արմեն Սողոյան

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ

2016-03-10

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia