Հայերեն | Русский | English

Գլխավոր

ՀՀԱ նախագահի ողջույնի խոսքը “ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” գիտաժողովի մասանկիցներին

Ուրախ եմ ողջունել “ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն” թեմայով գիտաժողովի առթիվ:

Գիտաժողովը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի այս տարվա եզրափակիչ միջոցառումներից է և տեղեկատվական դաշտի կարգավորմանն ուղղված գործողությունների հերթական հանգրվանը, և շատ կարևոր է, որ այն տեղի է ունենում մեր համալսարանում, իրականցվում է համատեղ և նվիրված է մեր Alma Mater-ի 95 ամյակին:

Որպես հոգեկան առողջության ոլորտի մասնագետների ամենաընդգրկուն կազմակերպություն, ասոցիացիան հետևողական է և՜ իր անդամների, և՜ մեր շահառուների իրավունքների ու շահերի պաշտպանության գործում, և մենք չենք կարող անտարբեր լինել, երբ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը սպասարկելու փոխարեն, շատ լրատվամիջոցներով մատուցվում են ենթադրությունների, բանբասանքների, դեռևս չապացուցված փաստերի վրա հիմնված, մեղմ ասած ապատեղեկատվություն և մեղադրանքներ, ինչի արդյունքում կարող է վարկաբեկվել մարդկանց և կազմակերպությունների բարի համբավը, տարածվել բժշկական գաղտնիքը, խորանալ ապաթիկ և դեպրսիվ տրամադրությունները: Ընդ որում, չարյաց փոքրագույնն է, երբ դա արվում է ընդամենը չիմանալու, մասնագիտությանը լավ չտիրապետելու պատճառով, քանի որ դեպքեր են լինում, երբ գործ ունենք դիտավորության հետ:

Գաղտնիք չէ, որ որոշակի պահերի չորրորդ իշխանություն համարվող ԶԼՄ ներն են լինում իրական իշխանությունը և նման պահերին չափազանց շատ բան է կախված լինում ներկայացման ձևից և բովանդակությունից, խոսքից: Պարույր Սևակի խոսքերից է “Իսկ իսկություն չէ, որ զորքից հետո, միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում, և ինչ ոչ մի զորք չի կարող անել, լեզուն է անում”,  ձևափոխելով կարող ենք փաստել, որ այսօր արդեն “զորքի փոխարեն են լեզուն մարտադաշտ հանում և մարտի դաշտում, թշնամու գործը նույն լեզվով խոսողներն են անում”… ինչ կատարվեց մեր աչքի առաջ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Իսկ կատարվեց ոչ թե զենքով, այլ միայն խոսքով: Նույն համատեքստում կարևորեմ հոգեկան առողջության խնդիրներին բավարար ուշադրություն չդարձնելու դերը՝ ինչ առիթից սկսվեց Արաբական Գարունը՝ սկսվեց Մահմուդ Բուղազիզի ինքնահրկիզումից: Ով էր Բուղազիզը՝ դեպրեսիա ունեցող քաղաքացի: Իսկ նախքան այդ, Մարոկոյում և Թունիսում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մեր գործըներների կատարած դեպրեսիայի ազգային հետազոտությունը երկու երկրներում էլ բավական բարձր տարածվածություն էր ցույց տվել: Մարոկոյի թագավորը հանձնարարել էր հրապարակել արդյունքերը և միջոցներ ձեռնարկել քաղաքացիների հոգեկան առողջության խնդիրները լուծելու համար, իսկ Թունիսի ղեկավար Բեն Ալին նման տվյալները համարել էր անհեթեթություն և արգել հրապարակելը: Արդյունքում՝ Բեն Ալին այժմ քաղաքական ապաստան է գտել Սաուդյան Արաբիայում և իր երկրում հեռակա դատապարտված է ցմահ ազատազրկման:

Լատինական ասացվածք է՝ ով տեղեկացված է՝ նա պաշտպանված է:

Մեր խնդիրն է՝ մեր համեստ հնարավորությունների սահմաններում, հետևողականորեն տեղեկացնել, հիշեցնել, ահազանգել, մեկ անգամ ևս ապացուցել, թե ինչի կարող են հանգեցնել բնակչության հոգեկան առողջության խնդիրներին և դրանց վրա ազդող գործոններին բավարար ուշադրություն չդարձնելը: Ընդ որում, այսօրվա խորհուրդը հոգեկան առողջության վրա ամենաազդեցիկ գործոններից մեկի՝ ԶԼՄ-ների, դերը կարևորելը, նրանց իրական ուժն ու ազդեցությունը ներկայացնելը և այդ ուժը ստեղծարար ուղղությամբ օգտագործելու հորդորն ու կոչն է, այլապես, ոչ ոք երաշխավորված չէ, ապաթիկ, դեպրեսիվ մթնոլորտի խորացման գործում իր ներդրած, թեկուզև փոքր լումայի, անկանխատեսելի հետևանքներից:

Փառք Աստծո, այսօր մեր ղեկավարությունը բավական քայլեր է ձեռնարկել՝ Կառավարությունն ընդունել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը, առողջապահության նախարարի հետևողական ջանքերի շնորհիվ մշակվել է և շուտով կհաստատվի վարկային ծրագիրը, ինչ արդյունքում գրեթե հեղափոխական դրական զարգացումներ կլինեն հոգեբուժության ոլորտում:

Սակայն նույնը չենք կարող ասել ոչ պետական կազմակերպություններ համարվող որոշ ԶԼՄ-ների մասին, որոնք, հաճախ առաջնորդվելով սենսացիոն լուրը առաջինը ներկայացնելու մղումով, իրենք էլ չեն նկատում, որ վաղուց արդեն հեռացել են և՜ մասնագիտական պարտքից, և՜ լրագրողական էթիկայից, և որ իրենց ներկայացրածը ապատեղեկատվություն է, ոչ թե տեղեկատվություն:

Վստահ եմ, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները, քննարկումները, ընդունվելիք հայտարությունը և մեր հետագա համագործակցությունը կնապաստեն վերոնշյալ խնդիրների լուծմանը և, որ այս ոլորտում էլ ցանկացած հանգրվանի հասնելիս կկարողանանք վստահաբար ասել՝ արեցինք այն ինչ կարող էիք, ավելի լավ թող անեն նրանք, ովքեր կարող են:

Շնորհակալություն

2015-12-11

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia