Հայերեն | Русский | English

Գլխավոր

Կայացավ «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացման ընթացքը» թեմայով քննարկում :

2015 թվականի հոկտեմբերի 30-ին Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի «ԲոլլՐում» սրահում կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հոգեկան առողջության միամսյակի շրջանակներում կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացման ընթացքը» թեմայով քննարկում, որն իրականացվում էր «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, ՀՀ ԱՆ ԾԻԳ տնօրեն Նելսոն Զուլոյանը և բաժնի պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը, ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչության պետի տեղակալ Նարինե Ավագյանը, Հայաստանում Եվրոպական միության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան, Հայաստանի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, մարզպետարանների և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության մշտադիտարկմանը, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից: Ապա խոսքը փոխանցեց «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանին, ով ներկայացրեց ԲՀՀ-Հայաստանի որդեգրած դիրքորոշումը հոգեկան առողջության ոլորտի վերաբերյալ, ապա ներկայացրեց, թե ինչ ներդրում ունի  ԲԲՀ-Հայաստան կազմակերպությունը վերոնշյալ ռազմավարության իրականացման մեջ: Հաջորդիվ խոսքը տրվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանին, ով ներկայացրեց ռազմավարության գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ պատասխանատու գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության ամփոփ պատկերը: ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն իր խոսքում նշեց, որ Նախարարությունը կարևորում է ոլորտի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքերը՝ ընդգծելով երիտասարդ կադրերի պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչպես նաև մտահոգություն հայտնեց, որ երիտասարդները չեն նախընտրում մասնագիտանալ հոգեբուժության ոլորտում: Բանախոսն առանձնապես կարևորեց «Հոգեկան առողջության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ մշակվել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի նոր նախագիծ, ինչին Ա. Սաքունցը հավելեց, որ  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անպայման առաջարկություններ կներկայացնի օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումների ընթացքում, մասնավորապես՝ հանդես կգա «Հոգեկան առողջության մասին» օրենքի ընդունման առաջարկով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ներկայացուցիչ Անահիտ Գևորգյանի կողմից ներկայացվեց Նախարարության կողմից իրականացված աշխատանքները ռազմավարության կատարման ուղղությամբ, կարևորվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հետևողականությունը հոգեկան առողջության բնագավառում իրականացվող  գործընթացների նկատմամբ, ինչպես նաև հատուկ խնամքի կենտրոնների անհրաժեշտությունը և խնամք իրականացնող կադրերի պատրաստման ու վերապատրաստման գործընթացը: Այնուհետև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի համակարգող Անահիտ Չիլինգարյանը ներկայացրեց անձին անգործունակ ճանաչելու և խնամակալ նշանակելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, առկա թերությունները և դրանք վերացնելու ուղղությամբ ներկայացրեց լուծման առաջարկներ՝ իր խոսքում անդրադառնալով կոնկրետ դեպքերի, այդ թվում և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի շահառու Ժուլետա Ամարիկյանի պատմությանը, ով ևս կանգնած է անգործունակ ճանաչվելու վտանգի տակ: ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրության և իրավական վերլուծությունների վարչության պետի տեղակալ Նարինե Ավագյանը ներկայացրեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսված որոշ փոփոխություններ, մասնավորապես նշեց, որ նախատեսվում է հնարավորություն ընձեռնել անգործունակ ճանաչված անձին՝ իրեն գործունակ ճանաչելու վերաբերյալ պահանջ ներկայացնել դատարան՝ առանց խնամակալի որոշման:  ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանի կողմից ներկայացվեց վերոնշյալ ռազմավարությամբ կատարվելիք այն գործողությունները, որոնց իրականացման համար պատասախանատու է գերատեսչությունը: Քննարկումների արդյունքում, ի թիվս այլ առաջարկությունների, հատկապես կարևորվեց ռազմավարության իրականացման ընթացքը համակարգող կամ մշտադիտարկման միջգերատեսչական խմբի ստեղծման հարցը, որոշվեց այդ առաջարկությամբ դիմել ՀՀ Կառավարություն: Քննարկման մասնակիցները բարձր գնահատեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կատարված վերլուծական աշխատանքը և համագործակցությունը՝ ինչպես տարբեր գերատեսչությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների միջև:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/30-10-2015-01/ © 1998-2014 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

2015-10-30

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia